Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի տարածքում պահպանված հնավայրերը, գրավոր հուշարձաններն ու պատմական տեղեկությունները փաստում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել առնվազն մի քանի հազարամյակ առաջ, ուր ապրել և արարել է հայ մարդը: Սակայն Ծակքարի իրական կենսագրությունը սկսվեց 1829-30 թվականներից, երբ Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից Սևանա լճի հարավային ափի` քոչվոր ցեղերի ձեռքով ավերված, հայաթափ ու ամայացած գյուղում վերաբնակվեցին երկու տասնյակ ընտանիքներ: Գյուղը Ծակքար կոչվեց բնակավայրի արևմտյան թևում հոսող գետի վրա անհիշելի ժամանակներում գոյացած բնական քարե կամրջի «պատվին»։
Տարեցտարի փոխվում է գյուղը, կառուցվում են նոր առանձնատներ, թաղամասեր, նորացվում են կոմունիկացիաները, ավելանում է երիտասարդ ընտանիքների թիվը: Ծակքարում տարեկան ծնվում է 30-32 երեխա, իսկ այս տարի տեղի դպրոցի առաջին դասարան է հաճախել 38 աշակերտ։ Անկախությունից առաջ ծակքարեցիների հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր, իսկ ահա վերջին տասը-տասնհինգ տարիներին, ինչպես հավաստում է համայնքի ղեկավար ԳՎԻԴՈՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, բնակչության հիմնական եկամուտները գոյանում են արտագնա աշխատանքից: Ի դեպ, 2755 բնակիչ ունեցող Ծակքարից տարեկան արտագնա աշխատանքի է մեկնում շուրջ 800 մարդ: Հենց նրանց վաստակի շնորհիվ է, որ հաջողվում է տնտեսական ու քաղաքական դժվարին պայմաններում անգամ ապահովել գյուղի կենսագործունեությունն ու զարգացումը: Զանազան պատճառներով Ծակքարում շատ քչերն են երկրագործությունն ու անասնապահությունը համարում ապրուստ վաստակելու միջոց ու եկամտի կայուն աղբյուր: Սա է, թերևս, պատճառը, որ ոչխարաբուծական ավանդներով ու ոչխարաբույծներով հայտնի Ծակքարի տնտեսություններում այսօր հազիվ պահվում է 96 գլուխ ոչխար, շատ չէ նաև խոշորի եղջերավորների գլխաքանակը` մոտ 800: Երկրագործության մեջ էլ թվերը ուրախացնող չեն. խոտհարքների մոտ 30 տոկոսն է հնձվում, վարելահողերի 50 տոկոսն է ցանվում: Սակայն համայնքի ղեկավարը հավատացած է, որ այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում, որ հեռու չէ այն օրը, երբ գյուղում «նոր թափ կառնի» գյուղատնտեսությունը:
Քիչ չեն նաև գյուղական հոգսերը: Դպրոցն ունի 436 աշակերտ, որոնց ուսուցման կազմակերպման համար բավարար շենքային պայմաններ չկան, ինչի պատճառով կրթական հաստատությունը ստիպված է գործել երկհերթ: Խնդրի լուծման համար հարկավոր է ավարտել կիսակառույց նոր մասնաշենքը, որի համար չկան բավարար միջոցներ: Հաջորդը մանկապարտեզի հարցն է: Թեև գյուղն ունի 120-տեղանոց մանկապարտեզի շենք (որը ժամանակին գործել է չորս խմբերով), սակայն այն իր գործունեությունը դադարեցրել է ԽՍՀՄ փլուզումից հետո: Շենքը, տարիներով մնալով առանց ուշադրության, պահպանման ու շահագործման, այժմ կարիք ունի հիմնանորոգման, կահավորման ու ջեռուցման, ինչի համար, համաձայն նախնական հաշվարկների, պահանջվում է ավելի քան 50 միլիոն դրամ: Ավելորդ չէ նշել, որ ծակքարցիներն այս բացը լրացնում են` իրենց երեխաներին տանելով հարևան Ձորագյուղի մանկապարտեզ:
Հիմնախնդիրներից է նաև Ծակքարի մշակույթի տան հիմնանորոգումը, որի համար, ըստ գյուղապետարանի նախնական հաշվարկների, կպահանջվի մոտ 120 միլիոն դրամ: Համայնքի ղեկավարը համոզված է, որ իրենց ուժերով և պետբյուջեի ու այլ դոնոր կազմակերպությունների օժանդակությամբ մոտակա տարիներին Ծակքարում հնարավոր կլինի իրագործել կենսական նշանակության ծրագրեր:
Անցած տարին Ծակքարի համար նշանավորվեց երկու կարևոր ծրագրերի իրականացմամբ` գյուղապետարանի շենքի և Ծակքար-Ծովասար ավտոճանապարհի հիմնանորոգմամբ։
Գյուղապետարանի շենքը կառուցված էր ավելի քան 40 տարի առաջ և երբեք հիմնանորոգման չէր ենթարկվել, հետագա շահագործման համար գրեթե պիտանի չէր։ Երկար տարիներ խարխուլ ու կիսաքանդ սենյակներում «ծվարած» գյուղապետարանի աշխատակիցներն այս տարվանից փոխադրվել են հիմնանորոգված և կահավորված աշխատասենյակներ: Դրան նպաստել է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը` ներդնելով մոտ 20 միլիոն դրամ: Այդ շրջանակներում կառուցվել է ջեռուցման համակարգ, և շենքը ջեռուցվում է գազով:
«Ասիական զարգացման բանկի» ֆինանսավորմամբ ավարտվել է նաև Ծակքար-Ծովասար մոտ 5 կիլոմետր երկարությամբ միջհամայնքային և ներհամայնքային ավտոճանապարհի հիմնանորոգումը:
Հավելենք, որ Ծակքարում տեղական բյուջեի սեփական եկամուտները հավաքագրվել են 118 տոկոսով:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ